ԼՂՀ-ում բիովառելիքի արտադրության ծրագիրը խիստ հեռանկարային է, առաջին հերթին ազգային անվտանգության տեսակետից: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի փայտավերամշակաման գործարան` բրիկետների արտադրամաս, որտեղ կազմակերպվում է բիովառելիքի արտադրություն:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն իր խոսում նշել է. «Այս ծրագիրն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն, որովհետեւ նպաստում է տնտեսական զարգացմանը, տեղական հումքի օգտագործմանը, ստեղծում  նոր աշխատատեղեր: Բացի այդ, ծրագիրը նպաստելու է, որպեսզի անտառային տնտեսությունն արդյունավետ ձեւով կառավարվի: Երրորդ` այն ունի ակնհայտ տնտեսական ազդեցություն, որովհետեւ էներգետիկայի ոլորտում ծախսատարությունը կնվազի առնվազն 30 տոկոսով»:

Անդրադառնալով ԼՂ-ի տնտեսական իրավիճակին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր առկա ցուցանիշները հույս են ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում Արցախի տնտեսությունն ունենալու է կայուն զարգացման տեմպեր: «Նախորդ տարիների ընթացքում էլ արձանագրված աճի տեմպերը բավական տպավորիչ են: Կուտակված պոտենցիալը եւս ցույց է տալիս, որ կայուն զարգացում է լինելու տնտեսական համակարգում եւ՛ այս, եւ՛ ապագա երեք տարիների ընթացքում»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ այսօր վարչապետ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արդարադատության եւ գյուղատնտեսության նախարարներ Հրայր Թովմասյանը եւ Սերգո Կարապետյանը, այցելել է Ասկերանի շրջան: Վարչապետը եղել է Ավետարանոց գյուղի փայտավերամշակման, բրիկետների եւ վառարանների արտադրամասերում, ապա` «Արցախ ֆրուտ» պահածոների գործարանում: Տիգրան Սարգսյանն այցելել է ձեռնարկություններ` ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին: Կառավարության ղեկավարը եղել է նաեւ Խնապատի տոհմային կայանում: