Նորվեգիայի Սուվերեն հիմնադրամը, որն աշխարհում ամենամեծն է, հայտնել է իր ամենաթույլ եռամսյակի մասին վերջին երկու տարվա ընթացքում, քանի որ ինֆլյացիան եւ ուկրաինական ճգնաժամը ազդել են ինչպես բաժնետոմսերի, այնպես էլ պարտատոմսերի վրա, հաղորդում է Reuters-ը:
1,3 տրլն դոլար արժողությամբ հիմնադրամը հայտնել է հունվար-մարտ ամիսներին 653 մլրդ նորվեգական կրոնի (74,2 մլրդ դոլար) վնասի մասին՝ ներդրումներից բացասական եկամուտը կազմել է 4,9 տոկոս, որը դեռեւս 0,66 տոկոսային կետով ավելի լավ է, քան հիմնադրամի հիմքում ընկած ինդեքսը:
Դա հիմնադրամի ամենաթույլ եռամսյակն է եղել 2020թ․ առաջին երեք ամիսների ընթացքում 114 մլրդ դոլար կորցնելուց հետո, երբ COVID համավարակն առաջին անգամ ազդեց շուկաների վրա:
Սակայն հիմնադամը արագորեն վերականգնվեց դրանից, եւ 2021թ․ դարձավ երկրորդ լավագույն տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Բայց հեռանկարները մնում են անորոշ, ասել է Norges Bank Investment Management-ի գլխավոր տնօրենի տեղակալ Թրոնդ Գրանդեն, որը հիմնադրամի կառավարիչն է։
«Հնարավոր է՝ մի փոքր զարմանալի է, որ շուկաները, հատկապես ֆոնդային շուկաները, որեւէ կերպ չեն արձագանքել այն փաստին, որ մենք այժմ պատերազմ ունենք եվրոպական հողում»,- ասել է Գրանդեն:
Համաշխարհային շուկաները նույնպես տուժել են COVID-19-ով վարակման դեպքերի աճից, որոնք այս եռամսյակում պայմանավորված են օմիկրոն տարբերակով, ինչպես նաեւ ինֆլյացիայի աճով, որը իջեցրել է պետական պարտատոմսերի արժեքը:
Գրանդեի խոսքով՝ հիմնադրամի ռուսական ակտիվների արժեքը տարվա առաջին երեք ամսում նվազել է գրեթե 90 տոկոսով եւ կազմել 2,9 մլրդ նորվեգական կրոն՝ ընկերության ավելի վաղ գնահատականի համաձայն:
1996թ. հիմնված հիմնադրամը ներդնում է Նորվեգիայի նավթագազային հատվածից եկամուտները եւ մասնաբաժիններ ունի աշխարհի շուրջ 9300 ընկերություններում՝ տնօրինելով բոլոր գրանցված բաժնետոմսերի 1,3 տոկոսը:
Հիմնադրամը 240 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պահում յուրաքանչյուր նորվեգացի տղամարդու, կնոջ եւ երեխայի համար:





























