ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու օրինագիծը եւ կրճատել կառավարության ծախսերը: Ինչպես հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, օրինագծին կողմ է քվեարկել 269, դեմ` 161 կոնգրեսական: Քվեարկությանը նախորդել է մեկուկես ժամ լարված մթնոլորտում տեւած բանավեճը։ Փաստաթղթին կողմ քվեարկողների մեծ մասը Հանրապետական կուսակցության անդամներն էին, իսկ դեմոկրատների ձայները բաժանվել են երկու գրեթե հավասար մասի, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը: Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո օրինագիծը պետք է հաստատի Սենատը։ Դրական քվեարկության դեպքում օրինագիծը կներկայացվի նախագահին` ստորագրման համար:

Օրինագիծը նախատեսում է երեք փուլով բարձրացնել պետական պարտքի սահմանն առնվազն 2,1 տրիլիոն դոլարով: Առաջին փուլում նախատեսվում է արտաքին պարտքի վերին շեմը բարձրացնել 400 մլրդ դոլարով, երկրորդ փուլում` 500 մլրդ դոլարով, իսկ երրորդում` 1,2-1,5 տրիլիոն դոլարով, որը հնարավոր կլինի  կառավարության ծախսերը կրճատելու շնորհիվ: Հարկ է նշել, որ եւս մի երկու քայլ պետք է արվի կառավարության ծախսերը մեկ տրիլիոն դոլարով կրճատելու համար: