Մեծ Բրիտանիան եւ Հնդկաստանը պայմանավորվել են պաշտպանության ոլորտում «նոր եւ ընդլայնված» գործընկերության շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Նյու Դելի կատարած այցի ժամանակ, հաղորդում է AFP-ը։

«Ավտորիտար հարկադրանքի սպառնալիքներն էլ ավելի են աճել»,-ասել է Ջոնսոնը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ըստ երեւույթին, նկատի ունենալով Պեկինը: «Եվ հետեւաբար, կենսականորեն կարեւոր է, որ մենք խորացնենք մեր համագործակցությունը, ներառյալ մեր ընդհանուր շահը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը բաց եւ ազատ պահելու հարցում»,-ասել է նա։

Նա հավելել է, որ նոր գործընկերությունը «տասնամյակների պարտավորություն է»։

Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել պաշտպանական գնումների ոլորտում՝ «ցամաքում, ծովում եւ օդում՝ տիեզերքում եւ կիբերտարածությունում սպառնալիքներին հակազդելու համար»։

Անցյալ շաբաթ Մոդին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պետք է Հնդկաստան ժամանի կիրակի օրը։

Իրենց հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ նրա չինացի գործընկեր Վան Ին վերջին շաբաթներին այցելել են նաեւ Հնդկաստան։

Ջոնսոնը որպես վարչապետ իր առաջին այցը Հնդկաստան սկսել է Գուջարաթ նահանգում, որտեղ հայտարարել է 1 միլիարդ ֆունտ սթեռլինգի (1,3 միլիարդ դոլար) չափով նոր ներդրումների մասին։