ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆֆորդսը, ով այս տարվա փետրվարին հարձակման էր ենթարկվել եւ վիրավորվել, անսպասելիորեն հայտնվել է նիստերի դահլիճում Կապիտոլիումի բլրի վրա կայանալիք քվեարկությունից րոպեներ առաջ:

Օգոստոսի 1-ին նա մասնակցել է երկրի համար պատմական նշանակություն ունեցող քվեարկությանը եւ աջակցել պետպարտքի վերին շեմի բարձրացման օրինագծին:

Նա ներկայացուցիչների պալատում գրկախառնվել է դեմոկրատական խմբավորման ղեկավար` Նենսի Փելոսիի հետ: Նրան ողջունել է նաեւ դահլիճում գտնվեղ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ   Գաբրիել Գիֆֆորդսի բոլոր գործընկերները, անկախ կուսակցական պատկանելիությունից, ծափահարություններով են ողջունել նրան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Արիզոնա նահանգից ընտրված  դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆֆորդսը վիրավորվել էր հրապարակային միջոցառումներից մեկի ժամանակ 2011 թ. հունվարի 8-ին` Թուսոնում խանութից դուրս գալու ժամանակ: Մեղադրյալը 22-ամյա Դ. Լոֆներն էր, 6 մարդ զոհվել էին, 10-ից ավելին` վիրավորվել: Հանցագործը տեղում ձերբակալվել էր, ավելի ուշ նրան մեղադրանք էին ներկայացրել 49 կետերով, որոնք մահապատիժ են նախատեսում: Արիզոնա նահանգի դատարանը մայիսի 26-ին Ջարեդա Լի Լոֆներին անմեղսունակ է ճանաչել: Դատական լսումները հետաձգվել են անորոշ ժամկետներով:

Նշենք, որ Գիֆֆորդսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի կողմակիցներից է: Հանդիսանալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ` 2010 թ. մարտի 5-ին նա կողմ է քվեարկել  Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին: Նա նաեւ աջակցել է այդ բանաձեւին 2007 թ.-ին: