Ֆիլիպինների Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Ֆերդինանդ Մարկոս կրտսերի դեմ ներկայացված հայցը՝ կապված վերջնիս կողմից հարկային հաշվետվությունը ժամանակին չներկայացնելու հետ: Այսպիսով, ինչպես հաղորդում է Reuters-ը, մայիսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին քաղաքական գործչի մասնակցելու հավանականությունը շատ բարձր է դառնում:

Ֆերդինանդ Մարկոս կրտսերը, որը կղզում հայտնի է «Բոնգբոնգ» անունով, երկրում 1965-1986 թթ. Իշխանություն հաստատած բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի որդին է: Նրա նախագահության ընթացքում արտակարգ դրություն էր հայտարարվել, ինչի արդյունքում լրջորեն խախտվել էին մարդու իրավունքներն ու ազատությունները:

Հարցումների տվյալներով՝ Մարկոս կրտսերը, որի թեկնածությունն առաջադրվել է Ֆիլիպինների Դաշնային կուսակցության կողմից, կարող է ստանալ ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Երկրի ընտրական կանոնակարգի համաձայն՝ երկրորդ փուլ չի անցկացվում. նախագահի պաշտոնում ընտրվում է առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուն: