Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել:

ՊԵԿ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երեւանում հայտնաբերվել է ոգելից խմիչքի՝ միանգամից մի քանի արտադրամաս, որտեղ արտադրել եւ, առանց ակցիզային դրոշմանիշի, օղի, կոնյակ եւ գինի են իրացրել:

Մի դեպքում պարզվել է, որ առանց ակցիզային դրոշմանիշի ոգելից խմիչք է արտադրվել եւ վաճառվել Արաբկիրում՝ Ադոնցի փողոցում գտնվող կազմակերպությունում՝ արտադրանքն իրացնելով արտադրամասի տարածքից:

Նմանատիպ գործունեություն էին ծավալել նաեւ «Առաքել ալկո» ընկերությունը՝ Արցախի եւ «Զար ընդ Գար ալկո»-ն՝ Արշակունյաց փողոցներում: Վերջինիս ապօրինի արտադրանքը՝ չդրոշմավորված օղի, կոնյակ եւ գինի, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի մեջ, նաեւ՝ մայրաքաղաքի եւ Քասախ գյուղի բնակիչների մոտ, ովքեր հայտնել են, որ ապրանքը ձեռք են բերել հենց նշված ընկերությունից:

Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նաեւ հացաթխման ապօրինի արտադրամաս են հայտնաբերել: Հարկային դաշտից դուրս գործունեություն էր ծավալվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում, որտեղ քաղաքացին լավաշ է թխել ավտոտնակում:

Ապօրինի ձեռնարկատիրության մյուս դեպքն էլ բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության Խորհրդայինի բաժնի աշխատակիցները՝ մայրաքաղաքի Աճառյան փողոցում: Այդտեղ արագ սնունդ է պատրաստվել եւ իրացվել՝ առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառվելու: