Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի դուստր-ձեռնարկությունը դիմել է Բեռլինի դաշնային կառավարությանը՝ Կիեւին 100 Marder տեսակ հետեւակի մարտական մեքենաներ մատակարարելու թույլտվության համար, շաբաթ օրը, ապրիլի 23-ին, հայտնում է Welt am Sonntag թերթը։

Հրատարակության համաձայն՝ հայտը, որն ուղարկվել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը եւ անմիջապես փոխանցվել Անվտանգության դաշնային խորհրդին, բացի Գերմանիայի կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցից, ստորագրել են նաեւ Դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավարը, ինչպես նաեւ արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության, ֆինանսների, էկոնոմիկայի, տնտեսական համագործակցության եւ արդարադատության նախարարները։ Սա նշանակում է, գրում է թերթը, որ առաջիկա օրերին այս մարմինը պետք է որոշի, թե պատրաստ է արդյոք Բեռլինը Գերմանիայից Ուկրաինա ծանր սպառազինության ուղղակի մատակարարմանը։ Ինչպես գրում է Welt am Sonntag-ը, սա առաջին նման հայտն է հարեւան պետության դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից։

Թերթը նշում է, որ Rheinmetall Landsysteme-ը պատրաստ է ՀՄՄ-ն «որքան հնարավոր է շուտ» վաճառել Ուկրաինային։ Ավելին, առաջին խմբաքանակը Կիեւ կարող է առաքվել «մի քանի շաբաթվա ընթացքում»։

Ավելի վաղ Բունդեսվերի գլխավոր տեսուչի տեղակալ Մարկուս Լաուբենթալը հերքել էր Կիեւին ծանր սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, հայտնում է Deutsche Welle-ն։

Նրա խոսքով՝ գերմանական Marder ՀՄՄ-ն անհրաժեշտ է Գերմանիային, մասնավորապես, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմավորումների կազմում տարբեր պարտավորություններ կատարելու համար։ Եթե Marder-ներն ուղարկվեն Կիեւ, «աջակցության անհրաժեշտության դեպքում Բունդեսվերին ոչինչ չի մնա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համար»,- ապրիլի 20-ին ZDF-ին ասել էր Լաուբենթալը։