Շաբաթ օրը տասնյակ չվերթեր են չեղարկվել կամ հետաձգվել Ամստերդամի «Սհիպհոլ» օդանավակայանում, քանի որ KLM ընկերության ուղեբեռը մշակողների խումբը գործադուլ է հայտարարել ավիացիոն խոշոր կենտրոններից մեկում՝ ի նշան աշխատանքային պայմանների եւ անձնակազմի պակասի դեմ բողոքի, հաղորդում է AP-ն:
KLM-ի աշխատակիցների գործադուլը համընկել է դպրոցական արձակուրդների առաջին օրվա հետ, երբ ընտանիքներն առաջին անգամ արձակուրդ են գնացել այն բանից հետո, երբ շատ երկրներում չեղարկվել են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները:
KLM-ի հայտարարության մեջ ասվում է, որ գործադուլը «լայնածավալ հետեւանքներ ունի մեր հաճախորդների եւ այլ գործընկերների համար այս լարված ժամանակաշրջանում»: Փոխադրողն ասել է, որ բանակցություններ է վարում գործադուլավորների հետ։
«Սհինպհոլն» իր կայքում նախազգուշացրել է թռիչքների ուշացումների եւ չվերթների չեղարկումների մասին եւ ուղեւորներին խորհուրդ է տվել չվերթների մասին իրենց ավիաընկերություններից տեղեկություններ ստանալ:





























