Շաբաթ օրը Ճապոնիայի հյուսիսում 26 ուղեւորներով զբոսաշրջային նավ է անհետացել այն բանից հետո, երբ վթարի ահազանգ է ստացվել եւ հաղորդվել է, որ այն խորտակվում է, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով առափնյա պահպանությանը:
Վեց պարեկային նավերի եւ չորս օդանավերի մասնակցությամբ ավելի քան յոթ ժամ տեւած ինտենսիվ որոնումներից հետո ողջ մնացածներ չեն հայտնաբերվել:
Օրվա սկզբում 19 տոննայանոց Kazu 1 նավը Հոկայդո շրջանի Սիրետոկո թերակղզու արեւմտյան ափի մոտակայքից աղետի ազդանշան էր տվել՝ հայտնելով, որ նավի առջեւի մասը հեղեղվել է, եւ այն սկսել է խորտակվել, հայտնել է առափնյա պահպանությունը:
Առափնյա պահպանության տվյալներով՝ զբոսաշրջային նավի հետ կապը կորել է։ Պարեկները հայտնել են, որ նավի վրա եղել է 24 ուղեւոր, այդ թվում՝ երկու երեխա, ինչպես նաեւ՝ անձնակազմի երկու անդամ։



























