Պենտագոնը 40 դաշնակիցների հրավիրել է հաջորդ շաբաթ հանդիպելու Գերմանիայում՝ Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության կարիքները քննարկելու համար, հայտնում է AFP-ն։

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող եւ չմտնող 20 երկրների պաշտպանության նախարարներն ու բարձրաստիճան գեներալներն արդեն ընդունել են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «Ռամշտայն» ավիաբազայում երեքշաբթի հանդիպելու ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրավերը:

Նա հանդիպումն անվանել է խորհրդակցություն, որի ժամանակ կդիտարկվի այն հարցը, թե ինչպես կարող են Ուկրաինայի գործընկերներն իրենց ներդրումն ունենալ պատերազմի ավարտից հետո նրա ռազմական հզորության ամրապնդման մեջ:

«Այն բաներից մեկը, որ երեքշաբթի «Ռամշտայնում» նախարարն ուզում է ստանալ, համախոհ երկրների հետ քննարկումների մեկնարկն է՝ երկարաժամկետ պաշտպանական հարաբերությունների մասին, որոնք Ուկրաինային պետք կգան ապագայում»,- ասել է Քիրբին լրագրողներին:

«Խոսքը հիմնականում վերաբերում է արդիականացմանը եւ այն բանի ապահովմանը, որ նրանց զինված ուժերը հզոր եւ մարտունակ մնան ապագայում: Խոսքը ոչ թե անվտանգության երաշխիքների, այլ նրանց իրական ռազմական վիճակի մասին է»,- հավելել է նա։