Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերն ակտիվորեն պատերազմի են պատրաստվում, այդ թվում ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը, կարծում է հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենhաուերը:

«Չպետք է կարծել, որ կողմերից որեւէ մեկը հանգիստ սպասելու է, որ հակառակորդը նախապատրաստվի պատերազմի համար, իհարկե երկու կողմերն էլ պատրաստվում են»,-նշել է  Ֆելգենհաուերը  «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Ֆելգենհաուերի խոսքով, այդուհանդերձ, հակամարտության կարգավորման մեջ ներգրավված կողմերը փորձում են զսպել Հայաստանին ու Ադրբեջանին` նվազեցնելով կրքերը: «Թե’ ԵՄ-ն, թե’ Ռուսաստանը ելնում են այն դիրքերից, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ` ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Եթե Ռուսաստանը գործընթացի շրջանակներում կարողանա հակամարտության գոտում տեղակայել իր զորքերը, ապա դա լավ կլինի նրա համար: Ռուսաստանը դա միշտ է ցանկացել, սկսած 1994 թ.-ից»,-նշել է Ֆելգենհաուերը:

Սակայն, նրա խոսքով, հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ այսօր նույնիսկ խոսելու կարիք չկա, քանզի «կողմերից ոչ մեկը պատրաստ չէ գնալ լուրջ զիջումների»: Իսկ դա նշանակում է, որ միջնորդների խնդիրը կողմերին զսպելու մեջ է կայանում: «Պատերազմը կարող է հանգեցնել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի, իսկ դա չի կարելի թույլ տալ»,-նշել է Ֆելգենհաուերը` միաժամանակ հավելելով, որ հազիվ թե պատերազմն սկսվի 2011 թ.-ին:

Հակամարտության գոտում առկա համեմատական անդորրը ստիպում է փորձագետին կարծել, որ կողմերն ընդամենը փորձում են «առանձնապես չաղմկել»: