Հնդկաստանը ցանկանում է ընկերանալ «լիբերալ աշխարհի» հետ, սակայն նրան անհրաժեշտ է Ռուսաստանի օգնությունն իր սահմանների պաշտպանության համար, հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտհարամանը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Հնդկաստանը ռազմական տեխնիկայի մեծ մասը գնում է Ռուսաստանից եւ մերժել է Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները սահմանափակելու արեւմտյան երկրների կոչերը, որոնք պայմանավորված են ուկրաինական ճգնաժամով:
Սիտհարամանը հայտնել է, որ Հնդկաստանը կենտրոնացած է իր սեփական տարածքաշրջանային շահերի պաշտպանության վրա: Նկատի ունենալով Պակիստանին եւ Չինաստանին՝ Սիտհարամանն ընդգծել է. «Մենք հարեւան ունենք, որը միավորվում է մեկ այլ հարեւանի հետ, եւ երկուսն էլ մեր դեմ: Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, եթե միություններ ստեղծվեն, Հնդկաստանը պետք է բավականին ուժեղ լինի, որպեսզի պաշտպանի իրեն: Հնդկաստանը ցանկանում է ընկերանալ Եվրամիության եւ արեւմտյան, ազատ, լիբերալ աշխարհի հետ, սակայն ոչ որպես թույլ ընկեր, որն այստեղ եւ այնտեղ օգնության կարիք ունի»,- ասել է նա:




























