Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվել է քաղաքի նոր երթուղային ցանցը, որն առաջիկայում կներկայացվի քննարկման: Այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով մայրաքաղաքում երթեւեկության բեռնաթափման խնդիրներին, Երեւանի քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել եւ առաջարկություն ներկայացնել շինանյութ մատակարարող փոխադրամիջոցների համար համապատասխան ժամանակացույց սահմանելու վերաբերյալ: Նա հանձնարարել է նաեւ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել եւ խաչմերուկներում երթեւեկության կանոնակարգման օպտիմալ տարբերակներ առաջարկել ինչպես լուսացուցային, այնպես էլ երկկողմանի երթեւեկության կարգավորման առումով:
Երեւանի բոլոր վարչական շրջաններում գույքագրվել է բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցը: Գույքագրման արդյունքում հայտնաբերված 585 այրված լամպերից 267-ն արդեն փոխարինվել է նորերով: Առաջիկայում կվերականգնվեն նաեւ մնացած բոլոր լուսատուները:
Զեկուցվել է, որ քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում շարունակվում են կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակության շենքերի արտաքին տեսքի բարեկարգման եւ գեղարվեստական լուսավորման աշխատանքները: Սկսվել են նաեւ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:
«Այգիներում, պուրակներում, կանաչ գոտիներում եւ ստորգետնյա անցումներում վարձակալության պայմանագրերում շրջակա տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվում է խստորեն հետեւել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով քաղաքի որոշ հատվածներում երթեւեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու եւ խնդիրը կանոնակարգելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում կազմակերպել հեղեղատարները կարգի բերելու աշխատանքները, որպեսզի անձրեւային եղանակներին ծառացած խնդիրներն այլեւս չկրկնվեն:



























