Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էմանուել Մակրոնը վստահ հաղթանակ է տանում ծայրահեղ աջակենտրոն ուժերի առաջնորդ Մարին Լե Պենի նկատմամբ: Երկրի առաջատար սոցիոլոգիական ինստիտուտների հարցումների նախնական արդյունքների համաձայն՝ Մակրոնը ստանալու է ընտրողների ձայների 57,6-58,5 տոկոսը, Մարին Լե Պենը՝ 41,5-42,4 տոկոսը:

Հինգ տարի առաջ նախագահական ընտրություններում Մակրոնը Լե Պենի նկատմամբ հաղթանակ էր տարել գրեթե կրկնակի տարբերությամբ՝ ձայների 66 տոկոսով՝ ընդդեմ 34-ի, փոխանցում է RFI-ն:

20:00-ին, երբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը, առաջատար սոցիոլոգիական ինստիտուտները սկսել են հրապարակել քվեարկության երկրորդ փուլի նախնական արդյունքները: Սոցիոլոգների տվյալները հիմնված են քվեաթերթիկների հաշվարկի իրական արդյունքների վրա:

IPSOS-Sopra Steria ինստիտուտի տվյալներով՝ Մակրոնը ձայների 58.2 տոկոսով վերընտրվել է երկրորդ ժամկետով: