Օգոստոսի 2-ին եւ 3-ին ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովում տեղի կունենան լսումներ  Թուրքիայի եւ Կովկասի վերաբերյալ:

Օգոստոսի 2-ին տեղի կունենան լսումներ Ֆրենսիս Ռիկարդոնեի` Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածության հարցով:

Վաղը` օգոստոսի 3-ին արտաքին կապերի հանձնաժողովը կդիտարկի հաջորդ տարում ֆինանսական օժանդակության վերաբերյալ հարցը:

Ինչպես հաղորդում է Ամերիկայում Հայ ազգային կոմիտեի (ANCA)-ի պաշտոնական կայքը, մի շարք հարցերում Ռիկարդոնեի ունեցած դիրքորոշումը լուրջ մտահոգությունն է առաջացնում նրանց մոտ: Ամերիկայում Հայ ազգային կոմիտեն կոչ է անում ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովին` պարզելու Ռիկարդոնեի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության, Թուրքիայում դավանանքի ազատության եւ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2010 թ.-ի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, օգտվելով իր սահմանադրական իրավունքից եւ այն հանգամանքից, որ Կոնգրեսը  գտնվում էր արձակուրդում, Ֆրենսիս Ռիկարդոնեին նշանակել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան: Այդ պաշտոնն ամիսներ շարունակ թափուր էր մնացել: Մինչ այդ  Ֆրենսիս Ռիկարդոնեին չի հաջողվել արժանանալ Սենատի հավանությանը, նրա թեկնածության հաստատումը կասեցրել է հանրապետական հայտնի կոնգրեսական Սեմ Բրաունբեքը:

Հենց նույն ձեւով էլ ԱՄՆ նախագահը Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: