Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները տեւական ժամանակ է՝ ինչ Դատական դեպարտամենտում են, սակայն համակարգը դեռեւս չի վերագործարկվել։ NEWS.am-ի հետ զրույցում ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ համակարգն արդեն գործարկման փուլում է, եւ այն շուտով աշխատելու է։

«Կային եւ՛ տեխնիկական, եւ՛ փորձաքննության հետ կապված խնդիրներ, որոնք վերջնական վերացվել են անցած շաբաթ, եւ սպասարկող կազմակերպությունը ձեռնամուխ է եղել համակարգը վերագործարկելու կոնկրետ աշխատանքներին»,- նշեց Գրիգոր Բեքմեզյանը։

Այն դիտարկումներին, թե այդ ձգձգումը պայմանավորված է նրանով, որ հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերը ցանկալի դատավորներին են մակագրվում, ԲԴԽ անդամը արձագանքեց. «Դժգոհության պատճառները ես հիմնավոր չեմ համարում։ Այս համակարգը վերագործարկելու գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում, քանի որ պարտադիր պետք է կատարվեն աշխատանքներ, որովհետեւ ծրագիրն ունի ալգորիթմ, դրա աշխատելու համար պետք է համակարգը ստանա որոշակի ինֆորմացիա, որը պետք է մուտքագրվի համակարգ։ Մեկ տարի կանգնած համակարգին երբ աշխատացնում ես, իր մեջ գոնե առնվազն մեկ ամսվա վաղեմության ինֆորմացիա պետք է դնել, որ այն սկսի աշխատել»։

Բեքմեզյանը նշեց՝ երբ համակարգը սկսի աշխատել, իրենք այդ մասին հայտարարություն կտարածեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի մի քանի դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի եւ կառավարման բանալիները 2021 թվականի հուլիսի 21-ից առգրավված էին՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, եւ այս ընթացքում դատարաններ ստացված գործերը մակագրվում են ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից:

Առգրավումից շուրջ 8 ամիս անց՝ մարտի 17-ին Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի բանալիները վերադարձվել է Դատական դեպարտամենտին: Սակայն Բարձրագույն դատական  խորհուրդը հերքել էր Աբրահամյանին, նշելով, որ համակարգի գործարկման եւ  եւ շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին չեն վերադարձվել՝ իր կողմից տարածված տեքստը վերնագրելով «հաղորդում»: Աբրահամյանն էլ հրապարակեց փաստաթուղթ՝ նշելով, որ վերահաստատում է իր կողմից հայտնած տեղեկությունը: Սակայն որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ մակագրման համակարգի բանալիներն արդեն դեպարտամենտում են։