Շվեդիան եւ Ֆինլանդիան պայմանավորվել են մայիսի կեսին հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրության մասին, հայտնում է The Local-ը՝ հղում անելով ֆիննական Iltalehti թերթին եւ շվեդական Expressen-ին։

Աղբյուրի համաձայն, Շվեդիայի կառավարությունը Ֆինլանդիային խնդրել է հետաձգել հայտարարությունը, որպեսզի երկու երկրները Ստոկհոլմ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի պետական այցի ժամանակ կարողանան միաժամանակ հայտարարել դաշինքին միանալու մտադրության մասին, հայտնում է Expressen-ը՝ հղում անելով «կառավարական աղբյուրներին»։

Շվեդիայի կառավարության անվտանգության նոր գնահատականը կհրապարակվի մայիսի 13-ին՝ դաշինք մտնելու մասին երկու երկրների հայտարարության շաբաթվանից առաջ:

Ըստ Aftonbladet-ի՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հավաստիացրել են Շվեդիային, որ եթե ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմելու եւ դրան միանալու միջեւ ընկած ժամանակահատվածում հարձակման ենթարկվի, իրենք կպաշտպանեն երկրին:

«Կառավարությունը տեղեկատվություն է ստացել ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Մեծ Բրիտանիայից, թե ինչպիսին կլինեն պաշտպանությունն ու աջակցությունը հայտերի ներկայացման առաջիկա գործընթացի ժամանակ»,- թերթին ասել է կառավարության աղբյուրը:

Խոսքը, մասնավորապես, Շվեդիայի մոտ ռազմական ներկայության ավելացման, զորավարժությունների եւ ՆԱՏՕ-ի երկրների «հզոր քաղաքական աջակցության» մասին է։