«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային գործունեության 2008 թվականի եւ 2009 թվականի 10 ամիսների արդյունքներով փաստացի ֆինանսավորումը կազմել է 3 մլրդ. 348 մլն. ռուբլի։ Այս մասին, ինչպես հաղորդում է NEWS.am-ը, մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը։
Այա միջոցներից 1 մլրդ. 695 մլն. ռուբլի ուղղվել է շարժակազմերի նորացմանը, իսկ 1 մլրդ. 652 մլն.-ը՝ ենթակառուցվածքի վերանորոգմանն ու բարելավմանը։
Իսկ չավարտված աշխատանքների արժեքը կազմել է 2 մլրդ. 256 մլն. ռուբլի։ Ըստ Շայդուլինի, ընկերության ներդրումային գործունեության արդյունք է հանդիսանում ճանապարհի տեխնիկա-տնտեսական ցուցանիշի բարձրացումը, ինչը թույլ է տվել գնացքի առավելագույն թույլատրելի արագությունը 25 կմ/ժամից հասցնել 40 կմ/ժամի, իսկ որոշ հատվածներում էլ մինչեւ 45 կմ/ժամի։ Մինչեւ ընթացիկ տարվա վերջը նախատեսվում է նաեւ վերանորոգել Գյումրիի ու Երեւանի երկաթուղային դեպոները։
Շայդուլինը հայտնել է նաեւ, որ կոնցեսիոն պարտավորությունների համաձայն, 2008-2010 թթ. կոնցեսիոն ակտիվների վերանորոգման ու բարելավման ծախսերը կկազմեն 4 մլրդ. 832 մլն. ռուբլի, ինչը մինչեւ 2010 թվականի վերջը թույլ կտա լիովին կատարել ներդրումային եռամյա ծրագիրը։ Իսկ 2008-2010 թթ. ֆինանսավորման ծավալները կկազմեն 5 մլրդ. 258 մլն. ռուբլի։ Շայդուլինը հայտնել է նաեւ, որ «Հարավկովկասյան երկաթուղին» գործողությունների ծրագիր է մշակել մինչեւ 2038 թվականը։
Նա հաղորդել է նաեւ, որ մոտ ժամանակներս Հայաստանի խորհրդարանը կքննարկի երկաթուղային տրանսպորտի մասին օրինագիծը։ Ամենակարճ ժամկետներում կմշակվի նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» կանոնադրությունը, որը կհամապատասխանի երկաթուղային ոլորտում գործող միջազգային չափանիշներին, ինչը թույլ կտա առանց խնդիրների բեռնափոխադրումներ իրականացնել Եվրոպայի ու Ասիայի երկրների հետ։ «Գլխավոր խնդիրներից մեկը „Հարավկովկասյան երկաթուղի“ — Վրաստան – լաստանավ միջանկյալ գծի ձեւավորման համար անհրաժեշտ փոխգործակցության նախապատրաստումն է, որպեսզի նվազագույնի հասցվի տրանսպորտային բաղկացուցիչն ու հնարավորություն ստեղծվի հայ արտադրողների արտադրանքը արտահանել Ռուսաստանի շուկաներ»,- հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։ Շայդուլինը հայտնել է նաեւ, որ ընթացիկ տարվա վերջին նախատեսվում է ստորագրել Կոնցեսիոն պայմանագրի լրացուցիչ փոփոխությունները, որին կմասնակցի «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Յակունինը։ Որոշում է ընդունվել նաեւ այն բանի վերաբերյալ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդում կընդգրկվի Հայաստանի կառավարության ներկայացուցիչը։




























