Հայ եկեղեցու Արմավիրի թեմի սոցիալապես անապահով ընտանիքների 9-13 տարեկան 113 երեխաներ հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 3-ն իրենց հանգիստն անցկացրել են Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:
Արմավիրի թեմի առաջնորդարանից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա «Արմավիրի մարզի անապահով ընտանիքների երեխաների 2011 թվականի ամառային հանգստի կազմակերպան մասին» ծրագրի շրջանակներում թեմի առաջնորդի նախագահությամբ կազմված հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել թեմի` Աղավնատուն, Շահումյան, Մարգարա, Երասխահուն, Արգավանդ, Փշատավան, Քարակերտ, համայնքների համայնքապետարաններում անապահով եւ զոհված ազատամարտիկների, ինչպես նաեւ Էջմիածնի եւ Մեծամորի Զանգակատուն ԲՀԿ-ի անապահով ընտանիքների երեխաների ծնողների հետ:
Հիմնական խնդիրն ու նպատակն է, հանգստի շրջանակներում ապահովել կարիքավոր երեխաներին լիարժեք սնունդով, նպաստել նրանց բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, իրականացնել բազմաթիվ սոցիալական, կրթադաստիարակչական, հոգեւոր-մշակութային, մարզամշակութային միջոցառումներ:
Արմավիրի թեմում մի քանի տարիների ընթացքում կազմակերպված ճամբարների փորձը ցույց է տալիս, որ այդ կարճ ժամանակահատվածում երեխաները ստանում են բավարար դաստիարակություն, շփվում են իրենց հասակակիցների հետ` տարբեր շրջաններից, սովորում են ճիշտ սնվել, վարել առողջ ապրելակերպ, այցելում են պատմամշակութային վայրեր, սովորում են սիրել ու պահպանել շրջակա միջավայրը: Թեմի հոգեւոր սպասավորները ճամբարում երեխաներին ծանոթացնում են Հայ Եկեղեցու պատմությանը, սովորեցնում աղոթքներ, հոգեւոր երգեր:




























