Հնդկահայոց հոգեւոր հովվությունը հուլիսի 31-ինԿալկաթայի (Հնդկաստան) Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում տոնել է հայ անվանի երաժիշտ Մակար Եկմալյանի ծննդյան155-ամյակը:

Երեկոն սկսվել է Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախմբի կատարմամբ մեծ երգահանի «Ով հայոց Աստված» երգով, որին հաջորդել են մեծանուն կոմպոզիտորի մի շարք ստեղծագործություններ:

Համերգի ավարտին հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ներկաներին հանգամանալից ներկայացրել է Մակար Եկմալյանի կյանքն ու գործունեությունը, նրա թողած ժառանգությունը, անդրադարձել այն բացառիկ դերակատարությանը, որ ունի մեծ երգահանը հայ հոգեւոր եւ աշխարհիկ երգարվեստում:

Նա իր խոսքը եզրափակել է մեջբերելով Կոմիտաս վարդապետի  գնահատականն ուղղված Մակար Եկմալյանին. «Հարգելի երաժիշտ Պ. Մակար Եկմալյանը մեր երգեցողության ամայի անդաստանի մեջ ներդաշնակության անդրանիկ բուրաստանը տնկեց:

Սրտանց ուրախ ենք, որ հայերս այժմ կարող ենք պարծենալ, թէ մենք էլ հետ չենք մնացել վսեմ գեղարվեստի  եւ կատարելագույն երաժշտության զարգացումից»:

Ձեռնարկին մասնակցել են եկեղեցու վարչության անդամները, կալկաթաբնակ հայորդիներ, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչները, աշա-կերտները, հրավիրյալներ: