44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վրդովված են, որ իրենց թույլ չեն տվել վրան տեղադրել Գլխավոր դատախազության մայթին, այլ առաջարկել են դիմացի այգում այն տեղադրել, եթե, իհարկե, առհասարակ թույլ տան վրան տեղադրել։

«Թող մեզ չվիրավորեն։ Էդ ինչ ա նշանակում՝ գնացեք, գիշերը հողերի մեջ մնացեք»,– ասաց ծնողներից մեկը։

«Մեր երեխեքին հողի տակ են դրել, մեզ էլ հողերի մե՞ջ»,– վրդովված ասաց մեկ այլ ծնող։

Մեկ այլ ծնող ասաց, որ եթե այս իշխանությունները մտածում են, որ ժամանակ կձգեն ու իրենց շարքերը կնոսրանան, ապա չարաչար սխալվում են, ամեն օր գալու են Գլխավոր դատախազության մոտ, մինչև իրենց պահանջը չկատարվի։

«Ոչ, չի լինելու, ամեն Աստծու օր զոհվածների ծնողները լինելու են այստեղ։ Ծնողներն այստեղ պահանջելու են իրենց ուզածը, ամեն օր մեզ պիտի պատասխան տան, տեսնենք այդ ինչ քայլեր են անում, տեղից շարժվում են, թե ոչ»,– ասաց նա։

Նշենք, որ ծնողները պահանջում են արդար քննություն իրականացվի և պատասխանատվության ենթարկվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի աղետալի հետևանքների համար, նրան ներգրավվել որպես մեղադրյալ։ Կոնկրետ վարչապետին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։