Շվեդիայի կառավարությունը չի նախատեսում հանրաքվե անցկացնել, եթե երկրի խորհրդարանը որոշի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ուրբաթ հայտարարել է վարչապետ Մագդալենա Անդերսոնը, փոխանցում է Reuters-ը։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ե՛ւ Շվեդիային, ե՛ւ Ֆինլանդիային ստիպել է վերանայել վաղեմի համոզմունքները, որ ռազմական չեզոքությունն ազգային անվտանգության ապահովման լավագույն միջոցն է: Սպասվում է, որ երկու երկրներն էլ որոշում կկայացնեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։

Անդերսոնն ասել է, որ հանրաքվեն «վատ գաղափար է»:

«Չեմ կարծում, որ դա հարմար հարց է հանրաքվեի համար»,- հայտարարել է նա լրագրողներին։

«Ազգային անվտանգության մասին շատ տեղեկություններ կան, որոնք գաղտնի են, ուստի այդպիսի հանրաքվեի ժամանակ կան կարեւոր հարցեր, որոնք չի կարելի քննարկել, եւ կարեւոր փաստեր, որոնք չի կարելի է քննարկման դնել»,- հավելել է Շվեդիայի վարչապետը:

Շվեդիայի խորհրդարանը վերանայում է անվտանգության քաղաքականությունը, զեկույցը սպասվում է մայիսի կեսերին։ Բացի այդ, իշխող սոցիալ-դեմոկրատները քննարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ իրենց առարկությունները հետ կանչելու հարցը:

Հենց իշխող կուսակցությունն է համարվում Շվեդիայի՝ 30 երկրներից բաղկացած դաշինք մտնելու ամենամեծ խոչընդոտը։

Ապրիլի 20-ին հրապարակված Aftonbladet օրաթերթում Demoskop-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ շվեդների 57 տոկոսը կողմ է անդամակցությանը ՆԱՏՕ-ին, մարտին այդ թիվը 51 տոկոս էր: