ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Օլսոնն իրեն մեղավոր է ճանաչել Կատարի շահերի համար անօրինական լոբբինգի եւ Պակիստանում դեսպանորդ աշխատելու ժամանակ շքեղ ուղեւորությունն ընդունելու մեջ, վկայում են դատական փաստաթղթերը, հաղորդում է AFP-ն:

Օլսոնը, որը նաեւ զբաղեցրել է Արաբական Միացյալ Էմիրություններում դեսպանի եւ Աֆղանստանում ու Պակիստանում հատուկ ներկայացուցչի պաշտոնը, դաշնային դատարանում մեղադրվել է պաշտոնը թողնելուց հետո մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետության համար լոբբինգի սահմանափակումը խախտելու մեջ:

Ըստ քրեական գործի՝ Օլսոնը, որն այն ժամանակ Իսլամաբադում դեսպան է եղել, 2015 թվականին Լոս Անջելեսում հանդիպել է պակիստանյան ծագումով ամերիկացու հետ, որը նրան առաջարկել է աշխատել բահրեյնցի գործընկերոջ համար:

Պակիստանից ամերիկացին, ում անձը պարզված չէ, արագ կազմակերպել է ուղեւորություն Լոնդոն՝ համագործակցությունը քննարկելու համար, ընդ որում՝ Օլսոնը չի հայտնել, որ իրեն տրամադրել է 19 000 դոլար՝ առաջին կարգի ավիատոմսի, շքեղ հյուրանոցում ապրելու եւ ընթրիքի համար, հայտարարել է դատախազությունը:

Գործարարը Օլսոնին 300 000 դոլարի տարեկան պայմանագիր է առաջարկել, որը պետք է գործեր նրա դիվանագիտական կարիերայի ավարտից հետո, ասվում է հայցի մեջ։

Սկզբում Օլսոնին խնդրել են օգնել Կատարին՝ Վաշինգտոնում լոբբինգ իրականացնել՝ Դոհայի օդանավակայանում նախնական մաքսազերծման թույլտվություն ստանալու համար, ինչը կնպաստեր ԱՄՆ-ի հետ շահութաբեր կապերին:

Ավելի ուշ նախկին դեսպանին խնդրել են օգնել Կատարին, որը շրջափակման մեջ էր հայտնվել հարեւան Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից։

Կատարցի պաշտոնյան, իր հերթին, 5,8 միլիոն դոլար է փոխանցել Օլսոնին դիմած պակիստանցի ամերիկացուն, ասվում է հայցի մեջ:

Ըստ փաստաթղթերի՝ Օլսոնը խոստովանել է, որ տեղյակ է եղել էթիկական սահմանափակումների մասին եւ ասել է, որ չէր կարող ուղղակիորեն դիմել Կատարում ԱՄՆ դեսպանին:

Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ Օլսոնն իրեն մեղավոր է ճանաչել հանցագործությունների կատարման մեջ, եւ գործը Կալիֆոռնիայից տեղափոխվել է Վաշինգտոն:

Նրա հայտարարությունը թվագրված է ապրիլի 7-ով։ Այս մասին առաջինը հայտնել է Axios լրատվական կայքը։

Դիվանագիտական ծառայությունից հեռանալուց հետո Օլսոնը հաճախ հանդես է եկել որպես Պակիստանում եւ Աֆղանստանում իրադարձությունների մեկնաբան: