Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է անհապաղ բանակցությունների՝ «Ազովստալից» մարդկանց տարհանելու եւ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար։
ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գուտերեշին՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ նրա դիրքորոշման համար։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ քննարկել են նաեւ հատուկ միջազգային տրիբունալի ստեղծման հարցը։
«Ուկրաինան պատրաստ է անհապաղ բանակցությունների՝ «Ազովստալ»-ից մարդկանց տարհանման եւ ձեռք բերված պայմանավորվածությունների ակնթարթային իրականացման համար։ Ռուսաստանի Դաշնությունից նաեւ այդ մարդկանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ենք ակնկալում։ Ակնկալում ենք, որ պարոն գլխավոր քարտուղարի առաքելության այս հատվածն արդյունավետ կլինի։ Պատրաստ ենք ամեն կերպ նպաստել դրան»,- ընդգծել է Զելենսկին։



























