Գերմանիայի տնտեսությունը, չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով աճող բացասական հետեւանքներին, այս տարվա առաջին եռամսյակում եռամսյակային կտրվածքով աճել է 0.2 տոկոսով, հայտնում է Դաշնային վիճակագրական ծառայությունը՝ նշելով, որ Գերմանիայի տնտեսական իրավիճակի վրա առաջին հերթին բարենպաստ ազդեցություն են ունեցել ավելի խոշոր ներդրումները, հաղորդում է Deutsche Welle-ն։

Ըստ վիճակագիրների՝ 2022 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ցուցանիշները 0.9 տոկոսով ցածր էին 2019 թվականի չորրորդ եռամսյակում մինչ կորոնավիրուսային համավարակի սկիզբը գրանցված ցուցանիշներից։ Տարեկան կտրվածքով Գերմանիայի ՀՆԱ-ն աճել է 4 տոկոսով՝ հաշվի առնելով գների տատանումների վերացումը։

Վիճակագիրները նշում են, որ փետրվարի վերջից Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետեւանքներն ավելի ու ավելի շատ են ազդում Գերմանիայի տնտեսության վրա։ Իր բացասական ազդեցությունն է ունենում նաեւ համավարակը:

Եվրագոտում, Եվրոստատի եվրոպական վիճակագրական գրասենյակի նախնական տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում տնտեսությունն աճել է 0.2 տոկոսով։ Փորձագետներն աճ էին ակնկալում 0.3 տոկոսի մակարդակում։

Ֆրանսիայում ՀՆԱ-ն լճացել է, Իսպանիայում նկատելիորեն դանդաղել է՝ մինչեւ 0.3 տոկոս, իսկ Իտալիայում՝ 0.2 տոկոս: Եվրոգոտու տնտեսությունը, Ուկրաինայում պատերազմից բացի, շարունակում է տուժել մատակարարման շղթայի հետ կապված խնդիրներից համավարակի ֆոնին, ինչպես նաեւ՝ Չինաստանում կորոնավիրուսային արգելափակումների հետեւանքներից։