Գերմանիան եւ Թուրքիան ուրբաթ կանչել են միմյանց դեսպաններին՝ թուրքական դատարանի որոշման հետ կապված, որը ցմահ ազատազրկման է դատապարտել հայտնի թուրք ակտիվիստ եւ բարերար Օսման Քավալային, հաղորդում է AP-ն:

Արեւմտյան կառավարությունները եւ իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն քննադատել են այս շաբաթ կայացված դատարանի որոշումը, որով Օսման Քավալան մեղավոր է ճանաչել 2013 թվականին զանգվածային ցույցերի միջոցով կառավարության տապալման փորձի մեջ: Ստամբուլի դատարանը եւս յոթ մեղադրյալի դատապարտել է 18-ական տարվա ազատազրկման՝ փորձին «նպաստելու» համար։

Գերմանիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Քրիստոֆեր Բուրգերը հայտնել է, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը բանակցությունների է կանչվել ուրբաթ առավոտյան։ Թուրքիան,  ի պատասխան, կանչել է Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին, հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը։

Anadolu-ն հաղորդում է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյան Շուլցին ասել է, որ Անկարան «մերժում է թուրքական դատական ​​համակարգին եւ քաղաքականությանը միջամտելու փորձերը»:

Բուրգերը Բեռլինում լրագրողներին ասել է, որ Գերմանիան կոչ է արել Եվրամիության մյուս երկրներին հանդես գալ համանման դիվանագիտական ​​բողոքով։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ասել է, որ թուրքական դատարանի որոշումը «խիստ հակասում է սահմանադրական չափանիշներին եւ միջազգային պարտավորություններին, որոնք Թուրքիան ստանձնումն է՝  որպես Եվրոպայի խորհրդի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու»: