Մոտավոր հաշվարկներով, Հայաստանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը հասնում է 300 հազարի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը` ավելացնելով, որ առավել ստույգ թվեր լինել չեն կարող, քանի որ այս ոլորտում լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվել, նույնիսկ կրոնական կազմակերպությունները մշուշոտ պատկերացում ունեն իրենց հետեւորդների թվի մասին:
«Նրանց կեսից ավելին ավանդական կաթոլիկներ են, որոնք հիմնականում կենտրոնացած են հյուսիսում, սակայն հարավ տեղափոխվելուց հետո դասվում են Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդների շարքին, քանի որ իրենց կրոնական խնդիրները լուծում են Հայ Առաքելական Եկեղեցու միջոցով: Մյուսները Եհովայի վկաներ են, մորմոններ, բողոքականներ»,- նշեց Դանիելյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ միջազգային իրավունքում գոյություն չունի «աղանդ» եւ «կրոն» սահմանումները:
«Ես դեռ հասկանում եմ, երբ հակառակորդների դեմ պայքարելու նպատակով «աղանդ» բառն օգտագործում է եկեղեցին, բայց երբ տվյալ սահմանումը հնչում է պետական պաշտոնյաների բերանից` նա պետք է պատիժ կրի: «Աղանդ» բառը վիրավորական է ու նսեմացնող: Ամբողջ երկրում փակցված «քաղաքացիներին աղանդների կործանարար ազդեցության» մասին զգուշացնող թռուցիկների համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն` տուգանքից մինչեւ պատժաչափ: Եթե Հայաստանը լիներ իրավական պետություն` այդ թռուցիկների հեղինակները կենթարկվեին պատասխանատվության: Հավանաբար, Հայաստանը իրավական երկիր չէ»,- հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահը:
Հասարակությունում իշխող կարծիքը, թե կրոնական փոքրամասնությունները սպառնալիք են` Ստեփան Դանիելյանի համար վիճելի է, իսկ սպառնալիքի աստիճանն էլ Դանիելյանի համար կախված է այն բանից, թե ինչ ենք ուզում կառուցել:
«Անձամբ ես սպառնալիք եմ տեսնում իշխող Հանրապետական կուսակցությունում, «Օրինաց երկիր» կուսակցությունում, նաեւ Սուրբ Էջմիածնում, որը պետությունում ստեղծում է հզոր բարոյական վակուում, ինչը նպաստում է երկրի ամայցմանը», - ամփոփեց Դանիելյանը:




























