Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կմասնակցի միջազգային ամենամյա «Օհրիդյան ամառ» փառատոնին, որն անցկացվում է Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից NEWS.am-ին հայտնում են, որ նա պաշտոնական հրավեր է ստացել եւ փառատոնի շրջանակներում օգոստոսի 4-ին կղեկավարի Մակեդոնիայի օպերայի եւ բալետի նվագախումբը:
Փառատոնի ժամանակ, որն սկսվել է հուլիսի 12-ին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 20-ը, ելույթ կունենա նաեւ «21-րդ դարի տենորներ» ռուսական երաժշտական նախագիծը, որի կազմում ներառված են մոսկովյան հռչակավոր թատրոնների մեներգիչներ: Ծրագրում կհնչեն Ստրոսի, Պուչինիի, Ռոսսինիի, Ալբինոնիի, Վերդիի, Տոստիի եւ Ռոդրիգոյի ստեղծագործությունները:
Ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները, «Սերգեյ Սմբատյանը պատկանում է երիտասարդ սերնդի պրոֆեսիոնալ դիրիժորների խմբին. որին հաջողվել է հասնել հաջողությունների միջազգային ասպարեզում»:
Նշենք, որ Սերգեյ Սմբատյանը լինելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, շարունակում է իր ուսումը լոնդոնյան թագավորական երաժշտական ակադեմիայում: Նա նաեւ համագործակցում է միջազգային կարգի այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիեւը, Դենիս Մացուեւը եւ այլն:




























