ՄԱԿ-ը նախազգուշացրել է Եմենում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին, սակայն հայտարարել է, որ փխրուն երկամսյա հրադադարը, որը սահմանվել է ապրիլի սկզբին, կարող է օգնել փոխել իրավիճակը, փոխանցում է Agence France Presse-ը:

«Հումանիտար ճգնաժամի վատթարացումը Եմենում իրականություն է, որը մենք պետք է անմիջապես հաղթահարենք»,- ասվում է Եմենի գծով ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Դեւիդ Գրեսլիի հայտարարության մեջ:

«Ավելի քան 23 մլն մարդ կամ Եմենի բնակչության մոտ երեք քառորդը ներկայում օգնության կարիք ունի: Այդ ցուցանիշը 3 մլն-ով ավելացել է 2021 թ. համեմատ»,- հայտնել է Գրեսլին:

Վերջինս կոչ է արել դոնորներին օգտվել ՄԱԿ-ի միջնորդությամբ հաստատված զինադադարից, որը հիմնականում պահպանվում է ապրիլի 2-ից:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ին մոտ 4,3 մլրդ դոլար է անհրաժեշտ Եմենում հումանիտար արձագանքման ծրագրի իրագործման համար:

Գրեսլին նշել է, որ ծրագիրն ուղղված է 17,3 մլն բնակչի օգնություն ցուցաբերելուն:

ՄԱԿ-ի գնահատումներով՝ դաժան մարտերի հետեւանքով ավելի քան 150 000 մարդ է մահացել, եւս ավելի քան 200 000-ը մահացել է անուղղակիորեն, այդ թվում՝ սովից, վտանգավոր ջրից եւ հիվանդությունից: