Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ մինչ այս տարվա վերջ Գերմանիան կկարողանա հաղթահարել ռուսական նավթի ներկրման ԵՄ էմբարգոն, թեեւ դա կարող է դեֆիցիտի հանգեցնել, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ եվրոպացի դիվանագետները հայտարարել էին, որ ԵՄ-ն հակված է մինչեւ տարեվերջ արգելել ռուսական նավթի ներկրումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլի շրջանակներում։ ԵՄ էներգետիկայի նախարարները երկուշաբթի ավելի ուշ Բրյուսելում պետք է քննարկեն նավթի առաջարկվող արգելքը։

«Մեզ հաջողվել է հասնել մի իրավիճակի, երբ Գերմանիան կարող է դիմակայել նավթի էմբարգոյին», - ասել է Հաբեկը՝ նշելով, որ դա անհետեւանք չի մնա։

Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն էլ ավելի հեռուն է գնացել՝ գերմանական հեռարձակողին հայտարարելով, որ գերմանական տնտեսությունը կկարողանա դիմակայել ռուսական նավթի ներկրման նույնիսկ անհապաղ արգելքին:

«Մենք կարող ենք հրաժարվել ռուսական ածուխի եւ նավթի ներկրումից,- ասել է Լինդները WELT-ին։- Հնարավոր է, որ վառելիքի գները բարձրանան».

Գերմանիան անցած ամիս կրճատեց ռուսական նավթի մասնաբաժինը մինչեւ 25 տոկոս:

Հաբեկն ասել էր, որ Գերմանիայի համար գլխավոր մարտահրավերը նավթի այլընտրանքային մատակարարումներ գտնելն է Շվեդտում նավթավերամշակման գործարանի համար, որը ղեկավարում է ռուսական պետական ​​«Ռոսնեֆտ» ընկերությունը, որը մատակարարում է Արեւելյան Գերմանիայի շրջանները, ինչպես նաեւ՝ Բեռլինի մայրաքաղաքային թաղամասը:

Հաբեկի խոսքով՝ այդ տարածքները կարող են մատակարարման դեֆիցիտի բախվել ԵՄ-ի կողմից էմբարգոյի դեպքում, եթե Գերմանիան մինչեւ տարեվերջ  չկարողանա այլընտրանքային նավթի ներկրում ապահովել, ասել է Հաբեկը: «Շվեդտի նավթավերամշակման գործարանի համար դեռ լուծում չունենք,- ասել է Հաբեկը:- Մենք չենք կարող երաշխավորել, որ մատակարարումները շարունակական կլինեն։ Անշուշտ, կլինեն թանկացումներ եւ որոշակի ընդհատումներ։ Բայց դա չի նշանակում, որ մենք  նավթային ճգնաժամի մեջ կընկնենք»։

Կանցլերի խորհրդական Յորգ Կուկիսը Financial Times-ին ասել է, որ Գերմանիան կողմ էր հանդես եկել ռուսական նավթի վրա ԵՄ պլանավորված էմբարգոյին, սակայն եւս մի քանի ամիս է ցանկանում՝ այլընտրանքներ գտնելու համար: