Կոմիտասի 5ա շենքի 26 բնակիչները  այսօր`օգոստոսի 3-ին, կոլեկտիվ հայտով դիմել են ՀՀ Վարչական դատարան` Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 25.11.2005թ. թիվ 2616-Ա որոշումը և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի 28.07.2010թ. N 01/50-15303-396 շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ այդ որոշումներով պարսկահայ Քեշիշ Աբրամին պատկանող «Լիբեր» ՍՊԸ-ին նախ առանց աճուրդի մասամբ սեփականության, մասամբ էլ վարձակալության հիմունքներով օտարվել էր Կոմիտասի 5 հասցեում գտնվող 1000 քմ հողատարածքն ու էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանը, ապա առանց պատշաճ ծավալներով փորձաքննություն անցկացնելու Երեւանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություն էր տրվել` հինգհարկանի չորս բնակելի շենքերի արանքում գտնվող այդ փոքր հողակտորի վրա 14 հարկանի բազմաբնակարան շենք եւ էլեկտրատրանսպորտի քարշի նոր ենթակայան կառուցելու համար: «Այդ «հիմքով» «Լիբերը» սկսել էր ծառահատումներ եւ հատել տասնյակից ավելի ծառեր, մինչեւ որ նրա ապօրինի գործողությունների կասեցման պահանջով քաղաքացիները դիմել էին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ որպես հայցի ապահովման միջոց կիրառել էր շինարարական աշխատանքների կասեցումը եւ այժմ քննում է այս գործը»,- տեղեկացրել են նրանք: Ընդ որում, հակառակ «Լիբերի» կողմից նախապես բնակիչներին ուղղված հավաստիացումների, թե գործող քարշի ենթակայանի` յուղային հիմքով աշխատող հին սարքավորումները փոխարինվելու են նոր` չորային հիմքով աշխատողներով, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի պարտավորեցմամբ «Լիբերի» կողմից բնակիչներին տրամադրված փաստաթղթերից պարզ է դարձել, որ այս ընկերության ներկայացուցիչները պարզապես ստել են եւ Կոմիտասի 5ա շենքի անմիջական հարեւանությամբ գետնի տակ կառուցվելիք նոր ենթակայանի շենքում, անվտանգության բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ ծրագրված է տեղադրել նույն յուղային սարքավորումները: Կհաջողվի՞ Կոմիտասի 5-ի բնակիչներին Հայաստանի պայմաններում  պաշտպանել իրենց օրինական շահերը իրավական` դատական ճանապարհով, թե՞ ոչ, պարզ կլինի ապագայում:

Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր այս խնդրին եւ լուսաբանել բնակիչների բողոքի ակցիաները: Հիշեցնենք, որ  2005թ. քաղաքապետարանը թույլատվություն է տվել «Լիբեր» ՍՊԸ-ին 12 հարկանի շենք կառուցել Կոմիտասի 5ա, 3, 7 եւ 7/1 շենքերի միջեւ, իսկ այնտեղ այսօր գոյություն ունեցող տրամվայ-տրոլեյբուսներին սպասարկող ենթակայանը, ըստ այդ թուլտվության, քանդվելու էր եւ նորից կառուցվելու արդեն Կոմիտասի 5ա շենքին գրեթե կպած: Այդ տարածքի բնակիչները դեմ են այդ նախագծին, քանի որ արդյունքում պետք է ծառահատումներ տեղի ունենան: