Հանրապետական պատգամավոր, իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը թերթի հետ զրույցում հայտնել է. «Որեւէ մեկը չի կարող սահմանել, թե երկխոսության օրակարգը ինչ ժամկետներում պետք է քննարկել: Երկխոսության գերնպատակը օրակարգային հարցերը ուսումնասիրելը, միմյանց ճշմարտությունը ներկայացնելն ու ճշգրիտ եզրակացություններ կատարելն է»:

Ըստ Մինասյանի` այլ գերակա նպատակ, առավել եւս` ժամկետներով պայմանավորված որեւէ բան երկխոսության համատեքստում լինել չի կարող: 

«Եթե ՀԱԿ պատվիրակության առջեւ ժամկետներ են դրված, ապա հավատացած եմ, որ նրանք չեն կարող արդյունավետ ու անկաշկանդ աշխատել: Միաժամանակ չեմ բացառում, որ քաղաքական ուժը իր անձնական նպատակներին հասնելու համար, գնա շանտաժի կամ արկածախնդրության: Ցավոք, մենք արդեն նման դրսեւորումների ականատես ենք եղել»,- արձանագրում է Գագիկ Մինասյանը: