ԿՀՎ տնօրենն ապրիլին գաղտնի հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։
The Wall Street Journal-ը հայտնել է, որ Ուիլյամ Բերնսը արքայազնի հետ հանդիպել է ապրիլի կեսերին՝ Ջիդդա նավահանգստային քաղաքում։ Հանդիպման մանրամասները հայտնի չեն, սակայն լարվածությունն աճում է նավթի արդյունահանման, ուկրաինական ճգնաժամի, Իրանի միջուկային գործարքի եւ Եմենում պատերազմի հետ կապված:
«Դա լավ խոսակցություն էր, որի տոնն ավելի լավն էր, քան ԱՄՆ կառավարության հետ նախորդ հանդիպումներում»,- թերթին ասել է ԱՄՆ-ի անանուն պաշտոնյան:
Նախագահ Ջո Բայդենը 2019 թվականի նախագահական արշավի ժամանակ թիրախավորել էր Սաուդյան Թագավորությունը՝ քննադատելով մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների եւ Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար։
Բայդենը հրապարակել էր ԱՄՆ հետախուզության գաղտնի գնահատականը, որում ասվում է, որ արքայազն Մուհամմեդը հավանություն է տվել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Խաշոգջիի սպանությանը եւ անդամահատմանը:
Երբ ԱՄՆ-ն արգելք դրեց ռուսական նավթի վրա, Բայդենի վարչակազմը, ըստ տեղեկությունների, դիմեց Սաուդյան Արաբիայի օգնությանը՝ այդ ներմուծումը փոխհատուցելու համար: Սակայն երկրների միջեւ լարվածությունը բարդացրեց գործընթացը։
The Wall Street Journal-ը հաղորդում է, որ մի քանի ամերիկացի պաշտոնյաներ անցյալ տարի այցելել են թագավորություն, որպեսզի փորձեն կարգավորել հարաբերությունները եւ մեղմել Սաուդյան Արաբիայի մտահոգությունները՝ Իրանի կողմից եւ Եմենում հուսի գրոհայինների կողմից անվտանգության սպառնալիքների վերաբերյալ:





























