Ուտոյա կղզում տեղակայված երիտասարդական ճամբարում զանգվածային սպանդից հետո Անդերս Բրեյվիկն անձամբ զանգահարել է իրավապահ մարմիններին: Արյունալի սպանդից հետո 32-ամյա նորվեգացի ահաբեկիչը զանգահարել է ոստիկանություն եւ ասել. «Բրեյվիկ: Հրամանատար: Ներգրավված է իսլամիզմի դեմ հակակոմունիստական դիմադրության մեջ: Առաջադրանքը կատարված է: Պատրաստ եմ հանձնվել «Դելտա» ջոկատին»,-հաղորդում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով SkyNews-ը: Այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել դատախազի եւ մեղադրյալի իրավաբանի կողմից:
Հիշեցնենք, որ Բրեյվիկը հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր իրականացրել, որին զոհ էին դարձել 76 մարդ: Սկզբում պայթյուն էր եղել Օսլոյի կենտրոնում` կառավարական շենքերի մոտակայքում, որտեղ գտնում է վարչապետի նստավայրը: Մի քանի րոպե անց ոստիկանական համազգեստով տղամարդը կրակ է բացել Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում տեղակայված Նորվեգիայի աշխատավորական կուսակցության կողմից ղեկավարվող երիտասարդական ճամաբարում:
Բրեյվիկի հոգեկան վիճակի մասին պաշտոնական տվյալներ դեռ չեն ստացվել: Հոգեբուժական փորձաքննությունը սկսվելու է օգոստոսի առաջին երկու շաբաթների ընթացքում, իսկ արդյունքները հայտնի կդառնանան մինչեւ նոյեմբերի 1-ը:




























