Ռուսական նավթի ներկրման վրա Եվրամիության էմբարգոն կարող է հանգեցնել էներգակիրների համաշխարհային գների էլ ավելի մեծ աճի։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ ելույթ ունենալով The Wall Street Journal-ի տնօրենների խորհրդի գագաթաժողովում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի տնտեսությունը մնում է ուժեղ՝ չնայած այս տարվա առաջին եռամսյակում դրա կրճատմանը: Միեւնույն ժամանակ, ինֆլյացիան չափազանց բարձր է եւ պետք է նվազեցնել։
Նա նշել է, որ ուկրաինական պատերազմը կարող է տնտեսական վնաս հասցնել Եվրոպային, ինչը կանդրադառնա նաեւ ԱՄՆ-ի վրա։ Յելենի խոսքով՝ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներմուծման ծրագրված էմբարգոն կարող է հանգեցնել էներգակիրների համաշխարհային գների էլ ավելի մեծ աճի։
Յելենը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կործանարար ազդեցություն են ունեցել այս երկրի տնտեսության վրա, եւ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները լրացուցիչ միջոցներ են դիտարկում։ Բայց նա չի բացառել, որ Ռուսաստանը կարող է կրկին մտնել համաշխարհային տնտեսություն։ Նա ասել է, որ եթե խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի, ապա պատժամիջոցները թուլացնելու ճանապարհ կա։





























