Այսօր` օգոստոսի 4-ին, լրանում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի 50-ամյակը: Բոլոր ամերիկյան նախագահներից միայն 6-ին է հաջողվել իր 50-ամյա տարեդարձը տոնել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Օբաման դարձավ 7-րդը:
Իր ծննդյան օրն Օբաման սկսել էր տոնել դեռ օգոստոսի 3-ից` իր վարչակազմի երեք անդամների հետ այցելելով Վաշինգտոնի Good Stuff Eatery խորտկարան: Չորեքշաբթի երեկոյան Օբաման այցելել է իր ծննդյան օրվան նվիրված Չիկագոյում կայացած երեկույթին, որին մասնակցել է 2000 մարդ: Հյուրերն Օբամա-2012 նախընտրական շտաբի համախոհների շրջանակից էին: Հրավիրյալներից յուրաքանչյուրը պետք է Օբամայի շտաբ անդամագրեր եւս 50 մարդու եւ 50 դոլար վճարեր երեկույթին մասնակցելու համար: Հավաքվածներին զվարճացրել են Ջենիֆեր Լոպեսը, Հերբի Հանկոկը եւ OK Go խումբը` Օբամայի հարազատ Չիկագո քաղաքից, հաղորդում է USA Today-ը:
Ավելի ուշ` օգոստոսի 3-ին, նախագահ Օբաման այցելել է 100 հոգանոց մեկ այլ հավաքույթի, որը կազմակերպված էր 2012 թ.-ին Օբամայի վերընտրման առավել ազդեցիկ կողմակիցների համար: Այդ երեկույթին մասնակցելու համար հյուրերից յուրաքանչյուրին առաջարկվել է 35,800 դոլոր նվիրաբերել Օբամայի նախընտրական արշավի համար: Դա ամենահասանելի գումարն է, որը կարելի էր նվիրաբերել Օբամայի նախընտրական արշավի համար:
Ինքը` Օբաման, ԱՄՆ-ի հասարակական ռադիոալիքին տված հարցազրույցում ասել է, որ 50 տարեկանում իրեն հիասքանչ է զգում:
««5:0» իսկ ինձ դուր է գալիս: Ես իհարկե փոքր ինչ ծերացել եմ այս աշխատանքից, սակայն ընդհանուր առմամբ ինձ հիասքանչ եմ զգում: Բացի այդ, Միշելն ասում է, որ իր կարծիքով, ես դեմք եմ, եւ, ըստ էության, հենց դա է կարեւորը»,-նշել է Օբաման:
Ինչ վերաբերում է ծննդյան նվերներին, ապա Օբամայի խոսքով, ամենացանկալի նվերը ԱՄՆ-ի պետպարտքի խնդրի լուծումը կլինի:




























