Գերմանիան, հնարավոր է, արդեն իսկ կտրուկ արտադրական հետընթաց է ապրում՝ ուկրաիանական ճգնաժամի ֆոնին, գրում է The Telegraph-ը:

Արդյունաբերական արտադրության ծավալը Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում մարտին նվազել է 3.9 տոկոսով, ինչը երեք անգամ ավելի շատ է, քան ակնկալում էին տնտեսագետները, ինչի արդյունքում ՀՆԱ-ն 7.6 տոկոսով ավելի քիչ է, քան նախահամաճարակային ժամանակահատվածում:

Դա ցույց է տալիս պատերազմի լուրջ ազդեցությունը Գերմանիայի կենսական կարեւորություն ունեցող արտադրական հատվածի վրա, նույնիսկ մինչեւ այն պահը, երբ Եվրամիությունը մտադիր էր արգելք սահմանել Ռուսաստանից ներկրվող էներգակիրների դեմ:   

Էնդրյու Քենինգհեմը Capital Economics-ից հայտնել է, որ թվերը ցույց են տալիս, որ հակամարտությունը «լրջորեն հարվածել է» տնտեսությանը: «Հավանաբար, դա արտադրության խոր անկման սկիզբն է, որը, ինչպես կարծում ենք, Գերմանիայի ողջ տնտեսությունը կտանի անկման»,- ասել է նա:

Լուրջ վնասներ է կրել ավտոմոբիլային հատվածը. մեքենաների թողարկումը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով:

Պատերազմը հավելյալ հարված է հասցրել ավտոմասերի մատակարարումներին: Վերջիններս բախվել են Ուկրաինայից ներկրվող էլեկտրական հաղորդիչների պակասին՝ ի լրումն վաղուց առկա կիսահաղորդիչների պակասին: