Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը չի մասնակցի երեքշաբթի խորհրդարանի բացմանը, քանի որ նա կրկին տեղաշարժվելու խնդիրներ ունի, ասել է Բուքինգհեմյան պալատը՝ հավելելով, որ նրա որդի արքայազն Չառլզը կներկայացնի կառավարության օրակարգը:

96-ամյա բրիտանացի միապետն անցած հոկտեմբերին չճշտված հիվանդության պատճառով հոսպիտալացվելուց հետո ստիպված է եղել չեղարկել մի շարք հանրային միջոցառումներ, թեեւ նա շարունակել է գործնականում կատարել իր պարտականություններից շատերը:

«Թագուհին շարունակում է տեղաշարժի հետ կապված էպիզոդիկ խնդիրներ ունենալ եւ իր բժիշկների հետ խորհրդակցելուց հետո դժկամությամբ որոշել է չմասնակցել խորհրդարանի պետական բացմանը»,- ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:

«Նորին մեծության խնդրանքով եւ համապատասխան մարմինների համաձայնությամբ, Ուելսի արքայազնը Նորին Մեծության անունից կկարդա թագուհու խոսքը, որին ներկա կլինի նաեւ Քեմբրիջի դուքսը»:

Պալատը հրաժարվել է Եղիսաբեթի հիվանդության մասին մանրամասներ հաղորդել, սակայն աղբյուրը հայտնել է, որ դա կապված է անցյալ տարի նրա ունեցած խնդիրների հետ՝ ասելով, որ խորհրդարանի բացմանը չմասնակցելու որոշումը կայացվել է միայն երկուշաբթի օրը:

Հունիսին Մեծ Բրիտանիան քառօրյա տոնակատարություն կանցկացնի թագուհու՝ աշխարհի ամենատարեց եւ ամենաերկար կառավարող միապետի գահակալության 70-ամյակի առթիվ: