ՆԱՏՕ-ին անդամակցելը լավագույն տարբերակն է Ֆինլանդիայի համար, որպեսզի երաշխավորի իր անվտանգությունը, դաշինքին միանալու մասին Ֆինլանդիայի պաշտոնական որոշումից առաջ հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը, հայտնում է Reuters-ը։

Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ֆինլանդիայի անդամակցությունը «զգալիորեն կուժեղացնի ռուսական ագրեսիայի թիրախ դառնալուց զսպող միջոցները», ասվում է հայտարարության մեջ։

Սպասվում է, որ հինգշաբթի օրը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիրքորոշման մասին։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը ներկայացրել է իր կարծիքն այս հարցի վերաբերյալ՝ ի պատասխան կառավարության արտաքին եւ անվտանգության քաղաքականության վերաբերյալ սպիտակ գրքի թարմացման։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ֆինլանդիայի անվտանգության լավագույն լուծումն է։ Դա կամրապնդի Ֆինլանդիայի ազգային պաշտպանական կարողությունները՝ դաշինքի զգալի ռազմական ռեսուրսների աջակցության պայմաններում»,- ասել է կոմիտեի նախագահ եւ ընդդիմության առաջնորդ Պետերի Օրպոն՝ «Ազգային կոալիցիա» կուսակցությունից: