Բոթսվանան հարցումներ է ստացել Եվրոպայից՝ ածուխ մատակարարելու խնդրանքներով։ Արեւմտյան երկրների պահանջարկը կարող է գերազանցել տարեկան մեկ միլիոն տոննան, քանի որ ուկրաինական պատերազմը ստիպում է Եվրոպային ավելի շատ նայել դեպի Աֆրիկա՝ էներգառեսուրսներ փնտրելու համար։ Այս մասին հայտարարել է Բոթսվանայի նախագահ Մոկգվիթսի Մասիսին։
«Մենք հարցումներ ենք ստացել Եվրոպայից եւ ցանկանում ենք արտահանել»,-ասել է նա Reuters-ին։
Բոթսվանայի ածխի արդյունահանումը, Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, սահմանափակ է։
Մասիսին ասել է, որ Բոթսվանայում պահանջարկ կա ինչպես կառավարությունների, այնպես էլ Եվրոպայի մասնավոր հատվածի կողմից, եւ գնահատվում է, որ Եվրոպայից պահանջարկը կարող է հասնել ամսական ավելի քան 50 000 տոննայի:
Հանքային պաշարների, կանաչ տեխնոլոգիաների եւ էներգետիկ անվտանգության նախարար Լեֆոկո Մոագին վստահեցրել է, որ Բոթսվանան կարող է բավարարել այս պահանջը, մինչդեռ Մասիսին ասել է, որ ցանկանում է դա անել «որքան հնարավոր է շուտ»:
Մասիսին ընդգծել է, որ բոլոր կողմերը հավատարիմ են ածխածնի արտանետումների կրճատմանը` կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրին համապատասխան:





























