Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, հայտնում է «Українськи Новини»-ն՝ հղում անելով ընտանեկան շրջապատում աղբյուրին։

«Այսօր, մայիսի 10-ին, Կիեւի ժամանակով ժամը 17:00-ին, երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է անկախ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Մակարովիչ Կրավչուկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2021 թվականի հունիսի 29-ին Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը բաց էր թողել Սահմանադրության օրվա կապակցությամբ Ռադայի հանդիսավոր նիստը՝ սրտի վիրահատության պատճառով։ Վիրահատությունից հետո նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք եւ միացրել թոքերի արհեստական օդափոխման սարքին։

Հուլիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ Լեոնիդ Կրավչուկը արդեն մեկ ամիս վերակենդանացման բաժանմունքում է։

2022 թվականի հունվարի 10-ին Լեոնիդ Կրավչուկը նշել է իր ծննդյան 88-ամյակը։

Ինչպես նշում է ՈՒՆԻԱՆ-ը, Լեոնիդ Կրավչուկը 1991-1994 թվականներին եղել է անկախ Ուկրաինայի առաջին նախագահը։

Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի եւ անկախ Բելառուսի առաջին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչի հետ, որն անցած շաբաթ մահացավ, Կրավչուկը մասնակցել է Բելովեժյան համաձայնագրի ստորագրմանը, որը վերջ է դրել ԽՍՀՄ-ի գոյությանը։

2020 թվականի հուլիսին Լեոնիդ Կրավչուկը Դոնբասի եռակողմ շփման խմբում գլխավորել է ուկրաինական պատվիրակությունը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմային։