Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տվել վրացական Առաջին տեղեկատվական կովկասյան ալիքին, Russia Today-ին եւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին օգոստոսյան պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ:
Մեդվեդեւը հիմարություն է անվանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստվել էր Հարավային Օսեթիայի պատերազմին:
«Հիմարություն է: Պարոն Սահակաշվիլին շատ բան է խոսում: Նա ընդհանրապես շատ հաճախ իր խոսքը չի վերահսկում: Բնականաբար, նման բան չի քննարկվել»,- ասել է Մեդվեդեւը:
Լրագրողները հիշեցրել են, որ նախօրեին նա հրաժարվել էր Աստանայի գագաթաժողովում Սահակաշվիլիի հետ հանդիպումից:
«Դե ի՞նչ կարող եմ ասել»,- նշել է Մեդվեդեւը. «Առաջինը, նրանից բարդ է պոկվել, քանի որ կպչուն է: Եւ եթե ցանկանում է կպչել, տեղը տեղին կկպչի: Նա մի քանի անգամ մոտեցել է ինձ: Մենք զրուցել ենք, հրաշալի հիշում եմ, ավտոբուսում նստած, այգում քայլելիս: Ավելին ասեմ, երեկոյան գնացինք թեյ խմելու եւ անգամ այնտեղ նստած էինք բազմոցին եւ քննարկում էինք, թե ինչպես հանդիպենք: Ուստի թող այդ բոլոր հեքիաթները մնան իր խղճին»:
«Սահակաշվիլին հանցագործություն է կատարել Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների հանդեպ, դա ես երբեք չեմ ների»,- ասել է Ռուսաստանի նախագահը` պատասխանելով վրացի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվում Սահակաշվիլիի` բանակցություններ սկսելու առաջարկից:
«Նա ընդհանրապես պետք է երախտապարտ լինի, որ ինչ-որ պահի հետ քաշեցի զորքերը: Եթե դրանք մտնեին Թբիլիսի, Վրաստանը ներկայումս այլ նախագահ կունենար»,- ամփոփել է Մեդվեդեւը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Վրաստանի առաջարկը վիզային ռեժիմի մեղմացման մասին: Սակայն այդ խոսակցությունը Սահակաշվիլիի հետ չի տարվելու, քանի որ «նրան չարժե ձեռք մեկնել»:
( Газета.ru-ի, Русской службы новостей-ի նյութերով)




























