Նյու Յորքի նահանգային դատարանը կասեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասին որոշումը, ըստ որի՝ դատարանի հանդեպ անհարգելի վերաբերմունքի համար նա ամեն օր պետք է 10 000 դոլար տուգանք վճարի, սակայն նրան պարտավորեցրել են վճարել 110 000 դոլար, որը կուտակվել է ապրիլի վերջից, քանի դեռ Ամերիկայի նախկին առաջնորդը հետաքննության համար անհրաժեշտ նյութեր չի տրամադրել, հաղորդում է CNN-ը։

Դատավոր Արթուր Էնգորոնը եկել է այն եզրակացության, որ Թրամփի պաշտպանությունը մասամբ կատարել է դատարանի որոշումը՝ լրացուցիչ ցուցմունքներ տալով պահանջվող փաստաթղթերի պատրաստման վերաբերյալ, սակայն ամբաստանյալը պետք է վճարի տուգանքի պատշաճ չափը։ «Ես ուզում եմ, որ տուգանքը վճարվի, եւ այն 110 000 դոլար է կազմում»,- դատավորի խոսքն է մեջբերում հեռուստաընկերությունը։

Միաժամանակ, եթե Թրամփը մինչեւ մայիսի 20-ը ամբողջությամբ չկատարի վճռի մնացած պահանջները, ապա դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին գործը կվերսկսվի, դրա հետ մեկտեղ՝ հետագա տուգանքների նշանակումը։

Ապրիլի սկզբին Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը հայտարարել էր Թրամփի նկատմամբ քրեական հետապնդման իր մտադրության մասին՝ նրան պատկանող Trump Organization-ում ենթադրյալ ֆինանսական խարդախության գործով: