ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին պաշտոնապես խնդրել է հավանություն տալ արդիականացված սպառազինության համակարգերի, ռադարների եւ այլ տեխնիկական սարքավորումների վաճառքին, որպեսզի զգալիորեն բարելավվի թուրքական F-16 կործանիչների պարկի հնարավորությունները, հայտնում է The Wall Street Journal-ը։

Պոտենցիալ գործարքը մեծ իրադարձություն է Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում եւ ռուսական ներխուժման պայմաններում Ուկրաինային Թուրքիայի ցուցաբերած նշանակալի աջակցության արդյունքն է:

Հիշեցնենք, որ Անկարան ԱՄՆ-ին հայտ է ուղարկել հրթիռներ եւ ռադարներ գնելու համար, որոնք նախատեսված են Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 կործանիչների վրա տեղադրելու համար, թուրքական իշխանությունների խնդրած սարքավորումների ընդհանուր արժեքը գերազանցում է 400 միլիոն դոլարը։

Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել է 40 հատ F-16 Block 70 եւ 80 կործանիչ արդիականացման կոմպլեկտներ իր ռազմաօդային ուժերին սպասարկող ինքնաթիռների համար: Անկարայում F-16 գնելու ցանկության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ նրան հանել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ կապված Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման հետ։