ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան մոտ օրերս դաշինքին միանալու հայտ կներկայացնեն եւ նրանց արագ անդամակցություն կտրամադրեն, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետներին եւ պաշտոնյաներին:
«Այո եւ այո. նրանք կդիմեն եւ նրանց անդամակցություն կտրամադրվի»,- գործակալությանը հայտնել է անանուն մնալ ցանկացող բարձրաստիճան պաշտոնյան:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ երկների անդամակցության վավերացման ընթացքում, որը կտեւի մեկ տարի, դաշինքը կամրապնդի իր ներկայությունը Հյուսիսային Եվրոպայում, կավելացնի զինավարժությունների թիվը։ Բացի այդ, հնարավոր է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ուժերի ռոտացիա Ֆինլանդիայում եւ Շվեդիայում։
Դաշինքի աղբյուրները հայտնել են, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը կհաստատվեն կա՛մ հունիսի 28-30-ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, կա՛մ նույնիսկ դրանից առաջ: Որոշ դիվանագետներ ակնկալում են, որ երկրները հայտերը կներկայացնեն գագաթաժողովից շաբաթներ առաջ:
«Ճշգրիտ ժամկետներ չկան։ Մենք չենք սպասի Մադրիդի գագաթաժողովին, եթե ավելի վաղ հնարավոր լինի հաստատել»,- ասել է դաշինքի ներկայացուցիչներից մեկը։
Շվեդիան եւ Ֆինլանդիան սկսել էին խոսել իրենց երկար տարիների չեզոքությունից հրաժարվելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին՝ Ուկրաինայում ռուսական հատուկ օեպրացիայի ֆոնին։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կողմ էր հանդես եկել այդ գաղափարին եւ խոստացել էր երկու արագ անդամակցություն ապահովել երկու երկրների համար:





























