Շրի Լանկայի իշխանությունները կառավարության հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բախումներից հետո համազգային պարետային ժամը  երկարաձգել են մինչեւ մայիսի 13-ը, հայտնում է Colombo Gazette-ը։

Դրա տվյալներով՝ հատուկ ռեժիմը, որը գործում էր մինչեւ հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 07:00-ն, կես օրով հանվել է եւ կվերսկսվի ժամը 14:00-ին: Այն կգործի մինչեւ ուրբաթ ժամը 06:00-ն։

Երկրի ամենամեծ քաղաքի եւ դե ֆակտո մայրաքաղաք Կոլոմբոյի, ինչպես նաեւ այլ բնակավայրերի փողոցներում հասարակական կարգի պահպանման համար զինվորականներ են ներգրավվել։ ՊՆ-ն ավելի վաղ հրաման էր տվել կրակ բացել անկարգություններ հրահրողների վրա։

Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ շաբաթվա սկզբից կղզում հրկիզումներով եւ ջարդերով ուղեկցվող զանգվածային բողոքի ցույցերի հետեւանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ ավելի քան 240-ը։ Իշխանություններն օտարերկրյա զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել չլքել իրենց տեղակայման վայրերը։