Չինաստանի արեւելյան հատվածում պեղումների ժամանակ հնէաբաններին հաջողվել է դինոզավրի երկու ձու գտնել։ Գտածոն ինքնին ամենահազվագյուտ երեւույթը չէ, սակայն այս բրածոները տարբերվում են նմանատիպ շատերից, հայտնում է Planet-today-ը:

Բանն այն է, որ ձվերի մեջ սաղմերի կմախքներն այնքան լավ են պահպանվել, որ գիտնականները կարողացել են հեշտությամբ նկարագրել եւ դասակարգել դրանք՝ նոր տվյալներ ավելացնելով բադակտուց դինոզավրերի մասին մարդկանց գիտելիքներին:

Հայտնաբերված սաղմերը հենց այդ տեսակին են պատկանում։ Հադրոզավրոիդները սողունների այս խմբի ընդհանուր անվանումն է։ Գտածոն փորձագետները թվագրել են 71-ից 66 միլիոն տարի առաջ ընկած ժամանակաշրջանով: Այն լավ է պահպանվել տեղանքի հողի առանձնահատկությունների պատճառով, ուստի գիտնականները հույս ունեն, որ ավելի շատ բրածոներ կարող են հայտնաբերվել:

Ձվերը բարակ կեղեւ եւ փոքր ծավալ ունեն, ինչը տարբերում է դրանք ավելի ուշ շրջանի հադրոզավրերի ձվերից։ «Ամենայն հավանականությամբ, ձվերի մեծ չափերը վկայում են ավելի զարգացած ենթաընտանիքի մաիսն, սակայն պնդել հնարավոր չէ»,- ասել է հնէաբան Լիդա Սինը՝ Չինաստանի Գիտության համալսարանից: