Պորտուգալիայի Ալգարվե շրջանում կալանք է սահմանվել ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի 10 մլն եվրո արժողությամբ տունը, հայտնում է Público թերթը։ Հրատարակության համաձայն՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց 15 օր առաջ Millhouse Views LLC-ն, որը պատկանում է Աբրամովիչի ներդրումային հոլդինգին, փորձել է վաճառել այս գույքը, սակայն պորտուգալական պետական բանկային Caixa Geral de Depósitos կորպորացիան հայտնել է այդ մասին ոստիկանությանը։ Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարության պահանջով գույքի գրանցումը սառեցվել է մարտի 25-ից։
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռոման Աբրամովիչն ընկել է Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի կոշտ պատժամիջոցների տակ։ Նրա ակտիվները, այդ թվում՝ լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը, սառեցվել են։ Այնուհետեւ Աբրամովիչը պայմանագիր է ստորագրել ակումբը կոնսորցիումին վաճառելու համար, որի կազմում են ամերիկացի գործարարներ Թոդ Բոելին եւ Մարկ Ուոլթերը, շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Վիսը եւ Clearlake Capital ներդրումային ընկերությունը, հայտնում է Deutsche Welle-ն։ https://www.dw.com/
Ապրիլի կեսերին բրիտանական Ջերսի կղզու դատարանը սառեցրել է Ռոման Աբրամովիչի հետ կապված ընդհանուր 7,3 միլիարդ դոլարի ակտիվները։ Սա օլիգարխի կարողության կեսից ավելին է, որը գնահատվում է 13,9 մլրդ դոլար։ Բացի այդ, Ֆրանսիայի իշխանությունները առգրավել են Աբրամովիչի 120 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Ռիվյերայում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, սա Աբրամովիչից առգրավված ֆրանսիական 12 բնակավայրերից մեկն է։
Միաժամանակ ռուս միլիարդատիրոջը հաջողվել է ԵՄ-ից դուրս տանել երկու շքեղ զբոսանավ, որոնք ձերբակալման սպառնալիքի տակ էին։





























