Կառույցները, որոնք հետազոտողները հայտնաբերել են, պատկանում են նուրաղների՝ հնագույն ժողովրդի դարաշրջանին, որը բնակեցրել է այս տարածքը մ.թ.ա. 18-8-րդ դարերում՝ մինչ այն կդառնար Հռոմեական կայսրության մի մասը, գրում է Planet Today-ը:
Նման հայտնագործություններ առաջին անգամ արվել են 1975 թվականին, եւ սկզբում ենթադրվում էր, որ քանդակների հեղինակները Կարթագենի բնակիչներ են եղել։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ դա այդպես չէ, եւ դրանք շատ ավելի հին են:
Երկար տարիների պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են նետաձիգների եւ մարտիկների մոտ քսան արձաններ: Նրանք բոլորը հայտնաբերվել են նեկրոպոլիսում։ Գիտնականները կարծում են, որ արձաններն ունեցել են կրոնական նշանակություն, գուցե դրանք պետք է պաշտպանեին թաղվածների անդորրը, կամ պարզապես ինքնատիպ հուշարձաններ են այն մարդկանց համար, որոնք հանգրվանել են այս գերեզմանոցում, եւ պատկերում են նրանց կենդանության օրոք՝ ուժերի ծաղկման շրջանում։
Նուրաղների մշակույթը սկսել է անկում ապրել՝ պայմանավորված այլ ժողովուրդների կողմից նրանց տարածքի գրավմամբ։ Սրանք հիմնականում փյունիկյան ցեղեր էին, որոնք, ի վերջո, գրավել են կղզին։ Թերեւս սրանով է բացատրվում մեկ այլ հանգամանք՝ Մոնտե Պրամայի արձանները բոլորը ոչնչացվել են, եւ, ամենայն հավանականությամբ, միտումնավոր, կամ իրենք՝ նուրաղներն են դա արել, որպեսզի իրենց մշակույթի համար այդքան կարեւոր արձանները չանցնեն թշնամիներին։





























